"ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ" ՀԱԿ Հ/Կ

logo
 

Հայաստանի մոլախոտած արահետներով

  Սերն անչափելի է. քանի դեռ չափելի է՝ եսակենտրոն է: Սակայն Սիրել ևս սովորում են՝ քայլ առ քայլ ավելի ու ավելի բացվելով անսահմանության առջև: Գուցե այդպես եղավ, որ մենք սովորեցինք սիրել ու նվիրվել մեր Հայրենիքին… Հաճախ թվում է, որ աշխարհն այնքան պարզունակացել է՝ ամեն ինչ, կարծես թե, սահմանված է… բայց հանկարծ թեքվում ես խաչմերուկից մի նեղ արահետով, և ակամայից հայտնվում Հրաշքի աշխարհում, ուր հնուց ի վեր շարունակում են ապրել բարի ու չար ոգիները՝ դևերն ու հավերժահարսունք, գիշերամայրերն ու ալքը, վիշապներն ու Թուխ Մանուկը…      Մեզ համար առօրյայի մաս են հաճախակի ուխտագնացությունները դեպի Հայաստանի տարբեր մարզերում գտնվող սրբատեղիներ՝ մեծամասամբ, ցավոք, թերևս մոռացված և անծանոթ մեզ՝ հայերիս: Եվ ամեն ուխտագնացության նպատակն է՝ հայցել և՛ Հայաստանի, և՛ համայն հայության, և՛ բոլոր շնչող էակների հոգևոր զարգացումն ու արթնացումը:
 

 
 


Մոլախոտով պատած արահետներ
  Արագածոտն մարզի Փարպի գյուղն առանձնանում է իր հինավուրց հինգ եկեղեցիներով:   Արագածոտն մարզի Կոշ գյուղը հարուստ է իր պատմամշակութային արժեքներով՝ 13-րդ դարի ամրոց գյուղի գերեզմանի վերևում, 19 և 13 դդ. երկու եկեղեցիներ՝ կրկին գերեզմանոցի տարածքում, ձորի աջ մասում՝ 7-րդ դարի Սուրբ Ստեփանոս ժայռերին կպած չքնաղ եկեղեցի՝ կողքին հինավուրց ջրամբարով և մեդիտացիայի քարայրերով, իսկ վերևում, ժայռի վրա՝ միջնադարյան երկու մատուռ:   Արագածոտն մարզի Ագարակ գյուղում առանձնանում է Սուրբ Աստվածածին 5-6դդ կիսավեր եկեղեցին:   Արագածոտն մարզի Օհանավանքից դեպի Սաղմոսավանք տանող ձորի մեջ գտնվում է 10-13դդ ժայռափոր "Կարմիր Վանքեր" եկեղեցին և խոկման քարայրերը:   Ապարանի շրջանի անտառային սարերով շրջապատված Եղիպատրուշ գեղեցիկ գյուղում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ 10-13դդ:   Ապարան քաղաքամեջի խաչմերուկից թեքվելով դեպի ոստիկանություն գնացող ճանապարհը՝ Լուսագյուղի միջով դուրս ենք գալիս դեպի սարեր, և ձախ հատվածում սար բարձրացող արահետը տանում է դեպի 6-րդ դարի Թուխ Մանուկի մոգական եկեղեցի, իսկ Նույն ճանապարհի շարունակության վրա ձախից բլրի վրա գտնվում են 4-րդ դարի Մխեի վանքի ավերակները:   Ապարանի ջրամբարի անտառում, անմիջապես լճի եզրին է գտնվում կիսավեր 5-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը ձմռան և գարնան առաջին ամիսներին կիսովին մնում է ջրի մեջ. մինչև այնտեղ հասնելն էլ, բլրի վրա կտեսնեք նույն դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցին և Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը:   Երևան-Ապարան մայրուղուց Հարթավան գյուղից թեքվում ենք աջ, անցնում Երնջատափ գյուղի միջով, իջնում ձոր, որտեղ էլ գտնվում է Աստվածընկալ 5-րդ դարի եկեղեցու ավերակները՝ այժմ վերականգնվող:   Երևանից Ապարան գնացող մայրուղու աջ կողմում է գտնվում Ափնագյուղը, որտեղ կան մի շարք հին սրբավայրեր: Ձորի եզրին են գտնվում հին եկեղեցու ավերակները, գերեզմանաքարեր, ժայռափոր մի սրբատեղի և այլ բազում կիսավեր սրբատեղիներ:   Ապարան քաղաքից թեքվելով Մուլքի գյուղ և շարունակելով գյուղերով անցնող ճանապարհը՝ Մուլքիին հաջորդող գյուղ Վարդենիսում տեսնում ենք 17-րդ դարի բազիլիկ ոճի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նույն ճանապարհը շարունակելով՝ հասնում ենք Չքնաղ գյուղ, որտեղ գտնվում է Սուրբ Ստեփանոս 4-րդ դարի եկեղեցու փլատակների կողքին կանգնած նույնանուն նորակառույց եկեղեցին: Կրկին շարունակելով ճանապարհը՝ անցնել Թթուջուր գյուղը, և դրան հաջորդող Ձորագլուխ գյուղում տեսնում ենք բազիլիկ ոճի հինավուրց այլ եկեղեցի:   Շատ հետաքրքրական է նաև Ապարանից դեպի Սպիտակ տանող մայրուղու աջ կողմում Ծիլքար գյուղում գտնվող հինավուրց մատուռն ու վերջերս վերանորոգված եկեղեցին:   Հրաշքներով հարուստ է նաև Հայաստանի 2-րդ քաղաք Գյումրիի շրջանը: Մասնավորապես, Գյումրիից հյուսիս-արևելք կարելի է հանդիպել մի շարք հնավայրեր և սրբավայրեր. առավել հետաքրքրական են գրեթե մոռացված, բայց հինավուրց գյուղեր Հողմիկ, Ջրաձոր և այլն՝ հինավուրց ավերակներով և բարի մարդկանցով:   Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ չհասած՝ ճանապարհի աջ կողմում գտնվում է Հոգեվանք կամ Կարմիր վանք սուրբ եկեղեցին:   Երևան-Վանաձոր մայրուղու վրա Ուշի գյուղի միջով անցնելով՝ դեպի ձոր տանող ճանապարհի վերջում է գտնվում հրաշագեղ Սուրբ Սարգիս եկեղեցին՝ 7-13-րդ դդ.-ի կառուցված վանական ընդհանուր համալիրի մեջ:   Հրազդանից դեպի Հանքավան գնացող ճանապարհի Մեղրաձոր գյուղի դիմաց 2-րդ կամրջակով անցնելով գետը՝ անտառային արահետով հասնում ենք 12-րդ դարի Թեժառույքի կիսավեր վանական համալիր:   Իջևանից Նոյեմբերյան գնացող ճանապարհին, Կիրանց գյուղից հետո մեկ սարահարթ անց, ճամփի աջ կողմում՝ անմիջապես դիրքերի մոտ նկատելի է միայնակ կանգնած 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին:   Իջևանի Խաշթառակ գյուղամեջի աջ հատվածում է գտնվում 5-12-րդ դդ-ի Ծըռվիզ կամ Մորո-Ձորո գողտրիկ եկեղեցին:   Իջևան քաղաքի մեջ սարի վրա են գտնվում Սրբանես (Սուրբ Հովհաննես) եկեղեցու ավերակները:   Դիլիջանից Իջևան գնացող մայրուղուց աջ՝ Գոշավանք տանող ճանապարհն ուղիղ շարունակվում է դեպի Աղավնավանք գյուղ և, ձախ կողմով անցնելով կամրջի վրայով, հասնում է արգելոց, ուր գտնվում է 12-րդ դարի վանական համալիրից միակ կանգուն մնացած եկեղեցին` Աղավնավանքը:   Դիլիջանից Վանաձոր գնացող ճամփի սկզբին, արգելոցի մեջ ցուցանակները կօգնեն ձեզ կողմնորոշվելու և գտնելու անտառի խորքում գտնվող 12-րդ դարի եկեղեցիները՝ Մաթոսավանքն ու Ջուխթակը:   Բերդ շրջկենտրոնի Այգեհովիտ գյուղից վերև անտառի մէջ է թաքնված Սրրվեղ (Սուր կամ Սուրբ Վեղար) 12-րդ դարի եկեղեցին. եկեղեցու ճանապարհն անցնում է գյուղի գերեզմանատան կողքով և սար է բարձրանում գյուղի այգիներով:   Թալինի Դաշտադեմ գյուղում է գտնվում 7-րդ դարի Կամսարականների բերդը, ուր կա նաև փոքրիկ հնամենի եկեղեցի: Բերդի հետնամասից նայելով հեռուն՝ կտեսնեք 7-րդ դարի Սուրբ Քրիստափոր եկեղեցին, հողոտ ճանապարհը կտանի ձեզ դամբարանադաշտ և եկեղեցի:   Մարալիկի տարածաշրջանի Ջրափի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է մայրուղու հանդիպակաց կողմը. կողքին կան քարավանատան, ինչպես նաև Սուրբ Գրիքոր և Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները:   Առանձնահատուկ գեղեցկությամբ է առանձնանում Անիպեմզա գյուղի Երերույքի Տաճարական համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցին՝ 5դ:   Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մի քանի կմ շարունակելով ճանապարհը դեպի Խոսրովի արգելոց, ձախ կողմի քարքրոտ ճանապարհով հասնում ենք Տափի բերդ՝ Մարզպետունու 10-րդ դարի ամրոց:   Արարատի մարզի Լանջառ գյուղի միջով հասնում ենք հին Զնջրլու գյուղը և Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի /13դ/: